Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Որքանո՞վ են միմյանց հասկանում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը Սիրիայում

Որքանո՞վ են միմյանց հասկանում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը Սիրիայում
03.12.2017 | 12:26

Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները` քննարկելու Սիրիայի հարցը: Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բաշար Ասադի հետ մեծացնում էր տպավորությունը, որ ռուսները ձգտում են կոնսենսուսի Աստանայի գործընթացի երաշխավորների միջև: Իհարկե, ակնկալիքները խիստ չափազանցված էին, որ առաջին անգամ չէ Սիրիայի ճգնաժամի 6 դառը տարիներին: Նույն ակնկալիքները կային 2013-ին Ժնև-1-ում, 2014-ին Ժնև-2-ում ու 2017-ի նոյեմբերին Աստանայի առաջին հանդիպումում: Ռազմական ուժի հավասարակշռության էական փոփոխություններ հօգուտ իշխող վարչակարգի ու նրա դաշնակիցների, անկասկած, եղան ռուսական ռազմական միջամտությունից հետո 2015-ի աշնանը: ԻՊ-ի վերահսկողության համարյա ամբողջական կորուստ Սիրիայում ու Իրաքում: Սերտ մերձեցում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի: Բայց այդքանով Սիրիայի փրկության հայտանիշներն ավարտվում են: Մյուս կողմից` Սիրիան արդեն բաժանված է ազդեցության գոտիների Ռուսաստանի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, նաև` Դամասկոսի ու նրա իրանցի դաշնակցի, ժողովրդական ոստիկանության ու «Հըզբոլլահի» զինյալների: Դժվար է պատկերացնել, որ Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված ուժերը առաջիկայում կհեռանան, եթե քաղաքական կարգավորման որոշակի առաջընթաց լինի, առավել ևս, որ քաղաքական կոնսենսուսը առաջվա նման փոքր է` վիճելի հարցերի ու տարակարծությունների համեմատությամբ: ՌԴ ու ԱՄՆ նախագահների հայտարարությունը (2017-ի նոյեմբերի 11-ին), Սիրիայի ապագայի շուրջ երկու մեծ տերությունների ոգևորիչ համաձայնությունը մի քանի օրից անհետացավ: Երբ Մոսկվան հայտարարեց, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ ծրագրում են մնալ Սիրիայում անորոշ ժամանակ, պիտի հեռանան Իրանի ուժերը, նաև` Ժնևի կարգավորման գործընթացը միակ օրինական ճանապարհն է: Չնայած Մոսկվայի ու Էր Ռիադի փոխըմբռնումի ենթադրությանը, միամիտ է բացառել Սաուդյան Արաբիայի վերադարձը Սիրիա` ևս մեկ պատերազմ սկսելու համար իրանցիների հետ, բացի արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտներից Եմենում ու Լիբիայում: Սիրիայի ընդդիմադիր ուժերի հանդիպումը Էր Ռիադ-2-ում, չնայած հակասական կանխատեսումներին, հաստատեց Սիրիայի ժողովրդի պահանջը` հեռացնել Ասադին ու նրա վարչակարգը անցումային շրջանը սկսվելուց հետո, հիշեցրեց ամենացավոտ հարցը, որ կա ճգնաժամի քաղաքական կարգավորման ճանապարհին Ժնև-1-ի առաջին քայլերից: Փաստացի` Սիրիայի հարցում վերջին դրական պահը կայուն առաջընթացն էր Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հարաբերություններում: Թեպետ առավել ճշգրիտ` նշանակալից փոփոխություններ կրել է Թուրքիայի դիրքորոշումը, ոչ թե ՌԴ-ի ու Իրանի: Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը Սիրիայի հարցում դարձավ ամենակարևոր փոփոխությունը վերջին 1-2 տարում: Այդ փոփոխությունները կատարվեցին ոչ միայն Ռուսաստանի ռազմական միջամտության հետևանքով, այլև Անկարայի գիտակցության, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նման չի լինելու: Վաշինգտոնն աջակցում է ահաբեկչական, քրդական կազմակերպություններին Սիրիայում, որ դավաճանություն է թուրք դաշնակցին: Անկարան վաղուց հույս ուներ, որ Թրամփը կհրաժարվի Օբամայի քաղաքականությունից Սիրիայում, բայց Թրամփը արագ ցրեց Թուրքիայի հույսերը, շարունակելով ռազմական աջակցությունը քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցությանը Սիրիայում ու նրա ռազմական թևին` «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG): Բազում վկայություններ կան, որ ամերիկյան մաքսանենգ զենքը Թուրքիայում օգտագործում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները պետության դեմ պայքարում: ԱՄՆ-ի զինված ուժերի աջակցությամբ քրդական զինված ջոկատները վերահսկողություն հաստատեցին Մանբիջ քաղաքի վրա: Ամերիկացիները աչք փակեցին, երբ քրդերը վերահսկողության տակ վերցրին արաբական Ռաքան, և ԻՊ-ի հետ կնքած համաձայնագիրը, որի համաձայն ԻՊ-ի զինյալները Ռաքայից դուրս եկան: Նրանք թույլ տվեցին ԻՊ-ի հարյուրավոր զինյալների հեռանալ քաղաքից, որ շարունակեն ահաբեկչական գործունեությունը այլ շրջաններում, ներառյալ` Թուրքիան: ԱՄՆ քաղաքականությունից հիասթափությունը նշանակալից փոփոխություններ բերեց Թուրքիայի գերակայություններում Սիրիայում` հեղափոխության ու վարչակարգի փոփոխության հարցում` Թուրքիայի ազգային շահերի պաշտպանության համար սիրիական ասպարեզում: Թուրքիան Իրանի ու Ռուսաստանի հետ անուղղակի պատերազմից անցավ նրանց հետ համագործակցության: Ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Իրանի հետ Թուրքիայի փոխըմբռնումը անհատույց չէ` թուրքերը նվազագույն դեր են ուզում Սիրիայում: Ե՞րբ կհասնեն այդ նվազագույնին, եռակողմ հանդիպումից հետո՞:
Սոչիի հանդիպումից հետո քիչ հայտարարություններ եղան 3 նախագահների համաձայնությունների մասին, թեպետ և Պուտինը, և Էրդողանը, և Ռոհանին շտապեցին մամուլի առաջ ելույթ ունենալ երկարատև բանակցություններից հետո: Բացի այդ` նախագահների հանդիպումը երկու եռակողմ հանդիպումներից հետո էր: Առաջին հանդիպմանը մասնակցում էին 3 պետությունների ԱԳ նախարարները, երկրորդին` շտաբների պետերը: Այնտեղ պիտի որոշվեին համաձայնությունների մանրամասները, որ պիտի հաստատվեին նախագահների մակարդակով: Սակայն հայտնի դարձավ, որ համաձայնություն է կայացել ռուսական նախագծով Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի անցկացման մասին (ոչ շուտ, բայց, այնուամենայնիվ), որ մի քանի անգամ հետաձգվել էր:

Այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Սիրիայի նոր Սահմանադրության, ՄԱԿ-ի վերահսկողության տակ ընտրությունների անցկացման, կոնֆլիկտի գոտու բոլոր հատվածներում մարդասիրական օգնության հասանելիության և հազարավոր քաղբանտարկյալների ազատման հարցերը:
Թուրքերը եռակողմ հանդիպման գնացին մի շարք առանցքային հարցերով, այդ թվում` ռուս-իրանական դիրքորոշման պարզաբանումը անցումային շրջանում, Քրդստանի դեմոկրատական կուսակցության և նրա զինյալների դուրսբերումը սիրիական բոլոր բանակցություններից, Ռուսաստանի աջակցությունը ստանալը` քուրդ զինյալներին արաբական ու թուրքմենական քաղաքներից ու գյուղերից դուրս մղելու հարցում, ռուսական զորքերի դուրսբերումը Աֆրինից ու թուրքերին ազատություն տալը` քրդական ջոկատներին դուրս մղելու համար, Իդլիբի անվտանգության վերջնական համաձայնության հաստատումը և կրակի դադարեցումը քաղաքում ու շրջակայքում: Եռակողմ հանդիպման հաջորդ օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ թուրքական դիրքորոշումը Քրդստանի դեմոկրատական կուսակցության ու «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» մասնակցության մասին` ազգային համաձայնության Կոնգրեսի երկխոսության կայացմանը չի խանգարի: Ի՞նչ է դա նշանակում: Որ 3 նախագահները արդեն համաձայնել են բացառել ՔԴԿ-ին կապված կազմակերպությունների մասնակցությու՞նը, թե՞ Ռուսաստանը հրավիրել է նրանց ներկայացուցիչներին` անկախ Թուրքիայի դիրքորոշումից: Այս հարցը դեռ պատասխան չունի: Եվ միայն մեկն է բազում հարցերից: Եռակողմ համաձայնությունները դեռ շատ փխրուն են: Հավանաբար` ամեն ինչ բավականաչափ դանդաղ է լինելու, դեռ բազում զգայուն հարցեր կան լուծելու:
Բաշիր ՄՈՒՍԱ ՆԱՖԻԱ, Al-Quds Al-Arabi, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Փաստացի` մի կողմից ԱՄՆ-ն է խաղը դնում սիրիացի քրդերի վրա` նրանց զինելով ու վարժելով, նրանց միջոցով վերահսկելով նավթագազային տարածքները ու հաղորդակցուղիները, իր ներկայությունը Սիրիայում ապահովելու համար, մյուս կողմից` Ռուսաստանն է փորձում քրդերին իր կողմը քաշել` խոստանալով Ասադից ինքնավարություն ստանալ` հարուցելով Թուրքիայի ու Իրանի դիմադրությունը: ԻՊ-ի զինյալներից ազատվելուց հետո նոր է սկսվում իսկական պայքարը Սիրիայի ներկայի ու ապագայի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ